Կսահմանվի պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է սահմանել պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

Կկարգավորվեն քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պաշտպանության միջոցների առանձին տեսակների իրականացման ընթացակարգերը, պայմանները, պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավվող մարմինների շրջանակը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ:

Պաշտպանության ենթակա անձի նկատմամբ պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից կիրականացվեն պաշտպանության հետևյալ միջոցներից որևէ մեկը կամ միաժամանակ դրանցից մի քանիսը՝

1) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը,

2) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.

3) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը,

4) պաշտպանվող անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը,

5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը,

6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել