Կստեղծվի դատապարտյալին հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին նախագծերը:

Նախատեսվում է հաստատել ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կալանավորված անձի ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության վերաբերյալ և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալին ծանր հիվանդության (խանգարումներ, վիճակներ) հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի աշխատակարգը և հանձնաժողովի անդամի, հանձնաժողովին կից ստեղծված բժիշկ-մասնագետներից կազմված աշխատանքային խմբերի վարձատրության չափերը:

Հանձնաժողովի անդամները պարտավոր կլինեն ապահովել ՀՀ օրենսդրությամբ բժիշկ-մասնագետների կրթությանը և գործունեությանը ներկայացվող պահանջները:

Հանձնաժողովը կազմված կլինի յոթ անդամից, այդ թվում` Հանձնաժողովի նախագահից, որոնց գործունեության ժամկետը կլինի երեք տարի:

Անհարգելի պատճառով ավելի քան երեք անգամ անընդմեջ Հանձնաժողովի նիստերին չմասնակցելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերի կեսից ավելիին չմասնակցելու դեպքում Հանձնաժողովը Հանձնաժողովի անդամի գործունեությունը դադարեցնելու առաջարկությամբ կդիմի ՀՀ արդարադատության նախարարին:

Հանձնաժողովի նախագահը` կհրավիրի և կվարի Հանձնաժողովի նիստերը, կապահովի Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, կհամակարգի Հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան կփոխարինի Հանձնաժողովի անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

Հանձնաժողովն իրավունք կունենա եզրակացություն տալու որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների  կամ հիվանդությունների համադրության առկայության մասին, որը, Կողմնորոշիչ ցանկում ընդգրկված չլինելով հանդերձ, կորակվի  որպես ծանր և՝ կդրսևորվի  ծանրության և ախտահարման տարածվածության տարբեր աստիճաններով և ուղեկցվում գործունեության ու մասնակցության ծանր և խորը խանգարումներով, մասնավորապես, այնպիսի հիվանդություններ, որոնք  տարածված չլինելով որոշման ընդունման պահին, գործնականում կալանավորված անձի կամ դատապարտյալի կյանքին իրական վտանգ կսպառնան, կամ՝  կստեղծեն ծանր առողջական վիճակ, որի հետևանքով առաջացած բարդությունները նմանատիպ են այն բարդություններին, որոնք առաջանում են Կողմնորոշիչ ցանկով սահմանված հիվանդությունների արդյունքում:

Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ  կհամարվեն միայն այն հիվանդությունները, որոնց անհրաժեշտ խնամքը կամ բուժումը հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում, ինչի մասին  կնշվի Հանձնաժողովի եզրակացության մեջ:

Հանձնաժողովը իր հիմնական գործառույթներից ելնելով և մասնագիտական եզրակացություն տալու նպատակով իրավասու կլինի՝ կալանավորված անձի, դատապարտյալի հիվանդության բնույթից ելնելով` կստեղծի խմբեր, որոնք մասնագիտական կարծիք կտան Հանձնաժողովի գործառույթներից բխող հարցերի վերաբերյալ: Խմբում բժիշկ-մասնագետներ ընդգրկելու նպատակով բժշկական հանձնաժողովը կդիմի ՊՈԱԿ-ին: ՊՈԱԿ-ը, ստանալով բժշկական հանձնաժողովի դիմումը, անհրաժեշտ բժիշկ-մասնագետների թեկնածություններն ստանալու նպատակով կդիմի  առողջապահության նախարարություն: Կկազմակերպի լրացուցիչ հետազոտություն կամ բժշկական փորձաքննություն` կալանավորված անձի, դատապարտյալի հիվանդության մասին առավել մանրամասն կամ լիարժեք տեղեկատվություն ստանալու համար:

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐ

(ՀՀ ԴՐԱՄ)

Հանձնաժողովի անդամ 50.000
Աշխատանքային խմբի անդամ 30.000
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել