Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-ամյակի առթիվ: Օգտվելով առիթից, նա հրավիրել է Իրանի նախագահին այցելել Հայաստան՝ իրեն հարմար ժամանակ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ… Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։
Վարչապետը շնորհավորել է նաև Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:
«Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի », – ասվում է Խամենեիին ուղղված ուղերձում։
Հիշեցնենք, որ 2019-ի փետրվարին Իրան էր այցելել Նիկոլ Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Իրանի նախագահ Ռոհանին ՀՀ էր այցելել 2019-ի սեպտեմբերին: Նա մասնակցել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: