Փետրվարի 6-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:
Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ Այնթապ գյուղում վիճաբանության ժամանակ անծանոթ երիտասարդ է իրեն դանակահարել:
Բժշկական կենտրոնում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ դեպքը ոչ թե Այնթապ, այլ Նոր Խարբերդ գյուղում է կատարվել:
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն` ժամը 19-ի սահմաններում գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց, մեքենա վարելիս մեկը մյուսին չզիջելու պատճառով ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, կասկածվողը Նոր Խարբերդ գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: