Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը:
Նախատեսվում է ստեղծել պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոն:
Կստեղծվի տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն:
Օպերատիվ կառավարման կենտրոնը կհանդիսանա իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնը կունենա տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Միջնաժամկետ կտրվածքով քննարկման առարկա կդառնա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ընդգրկելով ամբողջ պետության տարածքը։ Ավտոպարեկային ու հետիոտն ստորաբաժանումներով՝ Երևանում և մարզերում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր պարեկային ոստիկանության ստեղծման արդյունքում կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։ Ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչև 2020թ.-ի վերջը՝ թիրախավորելով իրականացնել կարճաժամկետ պլանավորմամբ և´ անհրաժեշտ գույքի ու ավտոմեքենաների, և´ մարդկային ռեսուրսների, և´ պահպանման ծախսերի աուդիտ, ինչից հետո միայն՝ վերջնական հաշվարկ՝ ըստ միջազգայնորեն կիրառվող ալգորիթմների: Զուգահեռաբար գործընթացը ենթադրում է լայնամասշտաբ իրազեկման արշավի, ծառայության պոտենցիալ ներկայացուցիչերի ներգրավման ընթացակարգերի, համապարփակ պատրաստումների ու վերապատրաստումների գործողություններ, որոնց արդյունքում նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի մինչև 2020թ.-ի ավարտը: