Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը։ Նախատեսվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերը։
«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության զորքերի խնդիրներն են՝
1) հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.
2) հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.
3) ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը։
Ոստիկանության զորքերի առջև դրված խնդիրները հիմնականում համահունչ են «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված խնդիրներին: Այդուհանդերձ, ի թիվս հիմնական ոստիկանական գործառույթների, ոստիկանության զորքերի առջև դրված է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու խնդիր:
«Այսպիսով, ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը բացարձակ չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում, մասնավորապես, լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում, ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ըստ էության, ոստիկանության զորքերը զինված ուժերի մաս են և այս իմաստով՝ ոստիկանության ռազմականացման հիմնական նախադրյալը:
Կարևոր է արձանագրել, որ ոստիկանության մասին նոր տեսլականի ու գաղափարախոսության մաս կազմող ոստիկանության ապառազմականացման կոնցեպտը չի նշանակում, որ ոստիկանական բոլոր ուժերը պետք է բացառապես լինեն քաղաքացիական: Եվրոպական գրեթե բոլոր պետություններն իրենց կառուցվածքում ունեն ռազմական կամ կիսառազմական կառույցներ: Այս առումով կարևոր առանձնահատկությունն այն է, որ նշյալ ռազմական ու կիսառազմական կառույցները խաղաղ ժամանակ գործում են քաղաքացիական կառավարման ներքո:
Մինչդեռ, ավելի ընդհանրական՝ ապառազմականացումը վերաբերում է ամբողջ ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը՝ վերանայելով այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք տեղեկատվությունը դարձնում են փակ, իրականացնելով պարբերական հաղորդակցություն և այդպիսով բարելավելով քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը:
Որոշ երկրներում, օրինակ՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, կենտրոնական ոստիկանության ապարատի կիսառազմական ուժերը փոխակերպված են բազմության վերահսկման միավորների հետ: Օրինակ՝ Ֆրանսիայում Պետական անվտանգության ոստիկանությունը (Ազգային ոստիկանության կազմում) մասնագիտացված է բազմության վերահսկողության ու պահպանման վրա:
Անգլո-սաքսոնական համակարգի ժողովրդավարական երկրներում ռազմական ոստիկանական միավորները ներառված են ընդհանուր ոստիկանական համակարգում և չունեն ինստիտուցիոնալ ինքնավարություն և դրանք հանդես են գալիս որպես ընդհանուր բազմության ոստիկանական վերահսկողության (policing) գործիք: Այս միավորների անդամների մի մասը պաշտոնապես կցված է այլ ստորաբաժանումների (օրինակ՝ պարեկային ծառայությանը) և մոբիլիզացվում է միայն արտակարգ դեպքերում: Ռազմականացված ոստիկանական միավորները կարող են ունենալ տարբեր անվանումներ, ինչպես՝ հատուկ զենքերի և մարտավարության թիմ (SWAT teams), բայցևայնպես, նրանց մեթոդաբանությունն ու գործելակերպը, ինչպես նաև սարքավորումներն ու զենքերի կիրառելիությունը նույնն են:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում շուրջ յոթ տարի գործում է բացառապես պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը, և, ի տարբերություն օրինակ Իսրայելի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը, մինչև 2018 թվականի հունիսը, գլխավորապես իրականացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործառույթներ: Ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությանը ոստիկանության զորքերը մասնակցել են մասնակիորեն (պահպանում են միայն ՀԱԷԿ-ը):
Վերջին հինգ տարիներին ոստիկանության զորքերը լիովին վերափոխվել են: Թե՛ իրենց սպառազինության որակով, թե՛ զինծառայողների ծառայողական պատրաստականության մակարդակով, թե՛ կուտակած փորձով ոստիկանության զորքերը գլխավորապես պիտանի են իրավակարգի ապահովման ոստիկանական գործառույթների իրականացմանը հատկապես այն դեպքերում, երբ իրավակարգին սպառնացող վտանգների չեզոքացումը պահանջելու է ուժի կիրառման սաստկության (ինտենսիվության) բարձր մակարդակ (զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս): Զորքերի օգտագործումն արդարացված կլինի նաև պատերազմի ժամանակ, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, դժբախտ պատահարների հետևանքները վերացնելիս, այդ թվում՝ տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս:
Նկատի ունենալով ոստիկանության զորքերի հնարավորությունների օգտագործման առանձնահատկությունները՝ առաջարկվում է օրենքով այն նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ:
Այսպիսով, ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու նախ և առաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է՝
1) ոստիկանության զորքերի կազմակերպման և գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով և ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը,
2) «զորքեր» հասկացությունից հրաժարվել և ոստիկանության զորքերը վերանվանել «ազգային գվարդիա»,
3) իրականացնել ներկայիս ոստիկանության զորքերի համապարփակ աուդիտ ու կարիքների գնահատում՝ հստակեցնելով ինչ օպտիմալ քանակ է անհրաժեշտ նշված գործառույթներն իրականացնելու համար:
4) զորքերի կարգավիճակի փոփոխությունը չպետք է հանգեցնի նրա ծառայողների սոցիալական իրավունքների սահմանափակմանը կամ վերացմանը,
5) ազգային գվարդիան ըստ անհրաժեշտության կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը (դրա համար ներկայումս գոյություն ունեցող մասնագիտացված ոստիկանական ստորաբաժանման՝ պետական պահպանության գլխավոր վարչության գործառույթները պետք է փոխանցվեն ազգային գվարդիային).
6) ազգային գվարդիան ներգրավվելու է զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելիս»,-նշված է ծրագրում: