Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 4-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը, անցկացման ծրագիրը և մրցույթի հաշվետվության ձևերը:
2020 թվականին անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակն է՝ անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացումը, բնակչության առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը:
Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով՝
1) 1-ին տարիքային խումբ` 6-ից 8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2012- 2014 թթ).
2) 2-րդ տարիքային խումբ` 9-ից 11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2009- 2011 թթ).
3) 3-րդ տարիքային խումբ` 12-ից 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2006- 2008 թթ).
4) 4-րդ տարիքային խումբ` 15-ից 16 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2005- 2004 թթ):
Մրցույթի մրցաձևերն են՝ խաղային փոխանցավազք 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, թենիսի գնդակի նետում, խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ)։
Մրցույթի 1-ին մարզային փուլում ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները պարգևատրվում են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և դրամական մրցանակներով.
1) 1-ին տեղ` 150 հազար (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ,
2) 2-րդ տեղ` 130 հազար (մեկ հարյուր երեսուն հազար) դրամ,
3) 3-րդ տեղ` 100 հազար (մեկ հարյուր հազար) դրամ:
Մրցույթի 2-րդ` եզրափակիչ փուլում չորս տարիքային խմբերում և հաշմանդամություն ունեցող անձ ունեցող երկու տարիքային խմբերում ընդհանուր թիմային հաշվարկում մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները պարգևատրվում են` համապատասխանաբար 500.0 հազար (հինգ հարյուր հազար), 400.0 հազար (չորս հարյուր հազար) և 300.0 հազար (երեք հարյուր հազար) դրամ դրամական մրցանակներով, մեդալներով, հուշանվերներով, և նրանց տրվում են վկայագրեր:
Մրցույթի 2-րդ` եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մարզաձևերից առաջին տեղերը գրաված ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքները Նախարարության կողմից պարգևատրվում են 100.0 հազար (հարյուր հազար), 2-րդ տեղերը 50.0 հազար (հիսուն հազար) և 3-րդ տեղերը՝ 30.0 հազար (երեսուն հազար) դրամ մրցանակներով:
Պարգևատրվում են նաև ընտանիքների ամենակրտսեր մասնակիցը և հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցը՝ 100.0 հազարական (հարյուր հազար) դրամով: Մրցույթում ընդհանուր հաշվարկով առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված պատվիրակությունները պարգևատրվում են համապատասխան գավաթներով: