Կառավարությունը առաջարկում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նախագծի ընդունման դեպքում կալանավորումը կկիրառվի միայն մեղադրյալի նկատմամբ:
Խափանման միջոցը կկիրառվի դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը կլինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում: Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ կնշի գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:
Կալանավորումը կկիրառվի միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:
Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կմերժի, եթե նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ՝ այլ խափանման միջոցներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:
Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:
Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա կլինի մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:
Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կկիրառի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը կվերացնի կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին կազատի ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:
Մինչև երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կկիրառի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց: Երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով՝ վարույթն իրականացնող մարմինը կվերացնի կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին կազատի ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին՝ կասկածյալի կամ մեղադրյալի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:
Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը կմնա կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն: