Պետական գույքի կառավարման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտի բարելավման, գույքի ձեռք բերման, կահավորման և տեխնիկական վերազինման նպատակով գումար հատկացնելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, երաժշտական գործիք (ռոյալ), ձայնային սարքավորումներ, լուսային սարքեր և էլեկտրական լամպեր ձեռքբերելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 718,489.3 հազար դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լուսադիոդային լուսատուների ձեռքբերման դեպքում մարզահամերգային համալիրը կունենա մոտ 30-40% էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում։
Սահադաշտի արդիականացումը կնպաստի ոչ միայն մարզահամերգային համալիրի համար հավելյալ եկամտի աղբյուրի ձևավորմանը, այլ նաև հանրապետությունում ձմեռային սպորտաձևերի զարգացմանը: Նախատեսվում է Մարզահամերգային համալիրում կազմակերպել հոկեյի և գեղասարքի միջազգային մրցաշարեր, ինչպես նաև կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, ինչը հնարավորություն կընձեռնի հայ երիտասարդներին ներգրավվելու այդ սպորտաձևերում:
Սահադաշտի կապիտալ վերանորոգման և արդիականացման նպատակով կատարված ծախսերը կծածկվեն առաջիկա երկու տարվա ընթացքում՝ հետագայում ծառայելով որպես շահույթի ստացման լրացուցիչ աղբյուր:
Արդիականացման արդյունքում ծախսելով 317,450,441 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ ձայնային, լուսային սարքավորումների և էլեկտրական լամպերից շահագործումից ստացվող եկամուտը 40-50 տոկոսով կավելանա, որը տարեկան կկազմի մինչև 50,000,000 ՀՀ դրամ:
Համալիրում են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները։ Այդ իսկ պատճառով կառույցին անհրաժեշտ է ձեռքբերել երաժշտական գործիք (ռոյալ), որն իր տեխնիկական բնութագրով և հատկանիշներով կհամապատասխանի բարձրակարգ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին։