Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում:
Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմննից։
Նշվում է, որ տեսչական մարմնին այդ մասին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում, զոոհիգիենիկ շատ վատ պայմաններում: Այցելության առաջին օրը հայտնաբերվել է 22 անկած խոզ:
Վերահսկողական գործառույթների շրջանակում վերցրել են անհրաժեշտ նմուշներ՝ լաբորատոր փորձաքննությամբ անկման պատճառները ճշտելու համար:
Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 խոզ:
Ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները:
Վարակված կենդանիները թաղվել են, տնտեսությունները մեկուսացվել, ինչպես թաղման, այնպես էլ պահման տարածքներում անցկացվել են ախտահանման աշխատանքներ:
Փորձանմուշներ են վերցվել նաև խոզերի կերերից, որոնց հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: