Նախատեսվում է սահմանել բնապահպանական պետական տեսուչի լիազորությունների իրականացման կարգը

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախատեսվում է, որ բնապահպանական պետական տեսուչը կկասեցնի ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի գործունեությունը, եթե ստուգման կամ օրենքով սահմանված այլ գործողության իրականացման ընթացքում պարզվի, որ ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ ՀՀ բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ,

ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ,

ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն իրականացնում է ջրօգտագործում առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվության ստացման,

առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն,

ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության,

ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից իրականացվում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին,

ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից իրականացվում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին` օրենքի խախտմամբ,

ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ գործունեություն իրականացնող` ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից իրականացվող ջրօգտագործման հետևանքով նվազում  է  տվյալ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերի որակի դասը, մինչև սահմանված կարգով փորձաքննության ավարտը,

ստուգվող սուբյեկտը կամ այլ անձը ջրօգտագործումն իրականացնում է այն տարածքում, որտեղ ջրօգտագործումն օրենսդրությամբ արգելված է,

ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.

ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս, ստուգվող սուբյեկտը կամ այլ անձը գործածում է ՀՀ արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար նախատեսել իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն, ինչպես նաև սահմանել այդ լիազորության իրականացման կարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել