Politik.am կայքում 2020 թվականի փետրվարի 7-ին տեղ գտած տեղեկատվությունը, թե պետական միջոցներից տարեկան 200 մլն դրամ է հատկացվում Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի անվտանգության համար, իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։
Ավելի վաղ՝ 2019թ դեկտեմբերի 19-ին, վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ էր կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխան հոդվածներին և ներկայացրել իր ընտանիքի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր հիմնավորումները:
Հաշվի առնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ուստի անվտանգության ապահովման մասին տեղեկատվությունը հրապարակել հնարավոր չէ: Վերը նշված տեղեկությունները, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ընդգրկված են գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, հետևաբար նույն օրենքի համաձայն դասվում են պետական և ծառայողական գաղտնիքի շարքին: