Նախագահականը՝ Ադրբեջանում կամ Թուրքիայում Արմեն Սարգսյանի կողմից կատարված ներդրումների վերաբերյալ լուրերի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և  ֆինանսական միջոցները: Այս մասին հայտնում են նախագահականից։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:

Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել  նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող  ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները:

Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում  իրարից խիստ տարբեր  ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ  որևէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում և Ադրբեջանում:

 Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել