Փետրվարի 3-ին՝ ժամը 17-ն անց 10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դիմակավորված անձինք մտել էին Սեբաստիա փողոցի «Հայփոստի» բաժանմունք ու դանակի և ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով փող հափշտակել։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների ու Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն ու տարաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունը րոպե առաջ բացահայտելու և կատարողներին քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։
Համատեղ աշխատանքը դեպքից երկու օր անց արդյունք տվեց։ Փետրվարի 5-ի գիշերը Աբովյան քաղաքում հայտնաբերվեցին ու ավազակություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկվեցին երեք անձ՝ 24, 36 և 38 տարեկան։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիքները հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։