Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը քիչ առաջ Մեղրաձորի համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Նարեկ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը:
Վերջինս շուրջ 15 տարի ղեկավարել է Մեղրաձոր համայնքը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի դիմումը՝ Մեղրաձոր համայնքի ավագանին հերթական նիստի ժամանակ արձանագրել էր հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:
Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, նշանակեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին աշխատանքային գործունեության համար, ապա շնորհավորեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին՝ միաժամանակ աշխատակազմին և ավագանուն կոչ անելով մինչև նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, այս անցումային փուլում համախմբվել նոր՝ երիտասարդ պաշտոնակատարի շուրջ ու անցնցում ապահովել համայնքապետարանի գործունեությունը:
Կառլեն Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհավորեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատարին՝ շնորհակալություն հայտնելով նաև համայնքի ավագանուն համատեղ աշխատանքի համար: