Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Արցախի «էլիտար» զորամասի վերաբերյալ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, քանի որ հրապարակումը վերաբերում է ՊԲ ենթակայության զորամասի:
Հաշվի առնելով հրապարակման մեջ առկա պնդումները, ինչպես նաև այն, որ խոսքը նաև ՀՀ քաղաքացիների մասին է՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նկարագրվող երևույթները ստուգելու համար:
Auroranews․am-ի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ «Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։
«Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի ենք պահում։ Մեր զրուցակցի խոսքով՝ զորամասում ձևավորված է «կլան», որը ճնշում է գործադրում զինծառայակիցների նկատմամբ»,-ասվում է հրապարակման մեջ։