Ո՞վ է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։

40-ամյա Պետրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: 2000թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2003-ին՝ պետական կառավարման ակադեմիան:

Արման Պետրոսյանն իր աշխատանքային գործունեությունը կադաստրի համակարգում սկսել է 2006-ից՝ որպես Կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության առաջատար մասնագետ: 2006-2008թթ. եղել է «Մարաշ» տարածքային ստորաբաժանման գնահատման բաժնի պետ:

2008-2010թթ. ղեկավարել է Կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչությունը:

2010-2011թթ. Պետրոսյանը եղել է Կոմիտեի կառավարման ավտոմատացված համակարգերի վարչության, իսկ 2012-2015-ը՝ սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ:

2017-ին նշանակվել է Կոմիտեի նախագահի խորհրդական, նույն տարում՝ Կոմիտեի ղեկավարի տեղակալ և պաշտոնավարել մինչև 2019-ի հունվար:

2019-ի դեկտեմբերին Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հրամանով նշանակվել է Կոմիտեի ղեկավարի խորհրդական:

Արման Պետրոսյանը անմիջական ներդրում է ունեցել կադաստրի գործառույթների ավտոմատացման՝ մասնավորապես ARPIS ծրագրի ստեղծման և ներդրման, կադաստրային գնահատման ավտոմատացման, առցանց ծառայությունների ներդրման, ինչպես նաև սպասարկման գրասենյակների ստեղծման և կայացման գործում:

Աշխատանքային գործունեության ընթացքում Պետրոսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ և ԼՂՀ վարչապետների հուշամեդալներով: Պարգևատրվել է պատվոգրերով կադաստրի համակարգում բարեփոխումների իրականացման աշխատանքներում ունեցած զգալի ներդրման և կադաստրի համակարգի զարգացմանն աջակցելու, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել