Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ փետրվարի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը, որով անցնում է նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Նիստի ընթացքում հետազոտվում են տեսանյութերը, որոնք գաղտնի նկարահանել են իրավապահները։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Արսեն Դավթյանը իր դարակից հանում 3000 դոլար գումարը, որը իրեն է տվել Ռազմիկ Աբրահամյանը։
Տեսանյութում Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: Փաստաբանները նշեցին, որ արձանագրության մեջ շատ հստակ երևում է, որ Արսեն Դավթյանը տեղյակ չէ անգամ, թե որքան գումար կա ծրարի մեջ։
Հավելենք, որ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 21-ին։ Այդ օրը կհարցաքննվեն նաև վկաները։
Նշենք, որ դատական նիստը անցկացվում է դռնփակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիանա Հարությունյան