Ներկայացվել է վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առկա իրավիճակը Հայաստանում

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրել են վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առկա իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխարգելման մոտեցումները։

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են` ինչպես եվրոպական զարգացած և զարգացող երկրների, այնպես էլ Հայաստանի համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ծանոթանալով ոլորտում առկա իրավիճակին, ձեռքբերումներին, բացթողումներին և թերացումներին, ինչպես նաև կարևորելով բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության գործընթացը` հանձնարարել է մշակել հստակ ճանապարհային քարտեզ՝ մեկ ընդհանուր մոտեցմամբ բոլոր կազմակերպությունների համար:

Այն ուղղված կլինի վարակի հսկողության հիմնական բաղադրիչների ներդրման ապահովմանը՝ ներառյալ հակամանրէային դեղերի դեմ կայունությունը, հետվիրահատական վերքերի հայտնաբերման և նպատակային միջոցառումների ներդրման միջոցով դեպքերի նվազեցումը, ինչպես նաև հոսպիտալային համաճարակաբանների դերի կարևորությանն ու վարակի հսկողության գործընթացում ներգրավված բոլոր բուժաշխատողների շարունակական վերապատրաստմանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել էր, որ փետրվարի 2-ին Հայաստանում ստացվել է նաև կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։

«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել էր Արսեն Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել