Մարգարիտա Խաչատրյանը և Սաթենիկ Խլղաթյանը ոչ միայն չեն պատրաստվում ներողություն խնդրել, այլ պատրաստվում են դատարանում հիմնավորել իրենց թեզերը․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ այսօր ստանձնել է «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և «Ինձ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Խլղաթյանի իրավունքների պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ վերջիններիս դեմ դատական հայց են ներկայացրել «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները։

«Լայն առումով պահանջում են հրապարակային ներողություն խնդրել 2008 թվականի մարտի 1-ի գործողությունների մի մասը որպես թալան որակելու համար։

Այս փուլում մեր դիրքորոշումը հստակ է․ պատասխանող կողմը ոչ միայն չի պատրաստվում հրապարակային կամ այլ եղանակով ներողություն խնդրել իրերն իրենց անունով կոչելու համար, այլև պատրաստվում է դատարանում հիմնավորել իր կողմից առաջ քաշված բոլոր թեզերը։ Թեև դատավարական առումով կան բազմաթիվ հիմքեր գործով վարույթը կարճելու համար, սակայն մենք այս փուլում չենք պատրաստվում հղում անել դրանց և դատարանում պատրաստվում ենք մատնանշել որակման ճշմարտացիության վերաբերյալ ծանրակշիռ փաստարկներ։

Դե իսկ զինվոր կորցրած մորը, զինվոր կորցրած այրուն դատի տալու բարոյական կողմը թողնում եմ յուրաքանչյուրի դատին։

Կհանդիպենք դատարանում»,-նշել է Կոչուբաևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել