Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից ոստիկանության Ախուրյանի բաժին երկու հաղորդում էր ստացվել, որ Մայիսյան-Հովունի ճանապարհի սկզբնամասում էլեկտրական հոսանքի հենասյուներից դետալներ են գողացել:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները: Վերջին հաղորդումից օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մայիսյան գյուղի 28-ամյա մի բնակիչ:
Հունվարի 29-ին, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Ախուրյանի բաժին:
Նա խոստովանել է կատարածը, նաև հայտնել, որ գողոնը վաճառել է:
Հանգամանքները պարզվում են:
Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: