Աշխարհի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշում են 2019 թվականի կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Այս տարվա «Միավորված ընդդեմ կոռուպցիայի» արշավը ընդգծում է այն կարևոր հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ միավորվելուց կշահի ամբողջ հասարակությունը, բիզնեսը և անհատները:
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ արշավը կենտրոնանում է կոռուպցիայի ունեցած վնասակար հետևանքների վրա՝ ընդգծելով, որ այս չարիքը խաթարում է ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, հանգեցնում մարդու իրավունքների խախտումների, քայքայում է շուկաները, կյանքի որակը և նպաստում կազմակերպված հանցավորության ծաղկմանը և անվտանգության դեմ այլ սպառնալիքների առաջացմանը:
Միջազգային հակակոռուպցիոն օրը նշում են աշխարհի տարբեր երկրներում գործող ՔՀԿ-ները։ Այս գործընթացից անմասն չի մնացել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիան։
Հակակոռուպցիոն օրվա շրջանակներում, տեղի ունեցավ Ասոցիացիայի և Կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի փակման արարողությունը, որտեղ շրջանավարտները լայն հասարակությանը ներկայացրին հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող իրենց ավարտական աշխատանքները։ Միջոցառման ընթացքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը համալրվում է նորանոր գործիքներով, որի օրինակ է Հայաստանում բիզնես ոլորտում կոռուպցիոն դեպքերի ու խնդիրների վերաբերյալ բարձրաձայնող ու անանուն ազդարարման հնարավորություն տվող Bizprotect.am կայքը։