Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորվեց․Բազումի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Վանաձորի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ մթերային խանութներից մեկում, ինչպես և դեղատանը գնումներ է արել՝ վճարելով 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներով։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հետագա միջոցառումներով նոր տեղեկություններ ձեռք բերվեցին, որ երիտասարդը մի անգամ էլ մեկ այլ խանութում փորձել է գնումների դիմաց կեղծ թղթադրամով վճարել։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին երիտասարդի բնակության հասցեն՝ հայտնաբերելով 20 հազար դրամ անվանական արժեքով 12 հատ կեղծ թղթադրամ։ 28-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին, ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին։ Արդյունքում՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան, որ 28-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամները ձեռք է բերել Վանաձորի բնակիչ մի պատանուց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև անչափահասի բնակարանը՝ հայտնաբերելով 20 և 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, համակարգիչ ու գունավոր տպիչ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել