Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կինը Քննչական կոմիտեում գրություն է թողել՝ օգտվելով իրավահաջորդի իր լիազորություններից:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ Կուտոյանի կինը քննչական կոմիտեում գրություն է թողել, որ առանց իր տեղեկության որևէ տվյալ չհրապարակվի:
«Նա օգտվել է իրավահաջորդի իր իրավունքից՝ առանց համաձայնեցնելու հրապարակման իրավունք չունենք»,- ասաց Հարությունյանը:
Արձագանքելով ՔԿ պետ Հայկ Գրիգորյանի՝ հունվարի 28-ին արած հայտարարությանը, թե Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթներով՝ Հարությունյանը նշեց, որ այդ հայտարարությանը հավելելու այլ բան չկա:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Կուտոյանի դին՝ քունքի շրջանում հրազենային վիրավորումով: ԱԱԾ նախկին տնօրենի բնակարանում գտել են «Գլոկ» տեսակի ատրճանակ, որը պատկանել է հենց իրեն: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով։
Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: