Փաստաբան Լևոն Սահակյանը հայտնել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եղբոր՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորման ժամկետը դատավոր Արտակ Թադևոսյանի կողմից երկարացվեց ևս 2 ամսով:
Նա նշել է նաև, որ նշված հայտարարությամբ նախաքննական գաղտնիք է հրապարակելու։
«Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ գործով հստակ ապացուցված է, որ Զավենը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ երբեք չի առնչվել: Իրավապահների՝ 1990-ականները հիշեցնող նման վարքագծի իրական պատճառը կարելի է գուշակել Արա Մխիթարյանի հոր կողմից վերջերս news.am լրատվականին ուղարկված նամակի բովանդակությունից: Այնտեղ անկեղծորեն նշված է, որ պարոն Փաշինյանն իրեն այս գործով ԽՈՍՏՈՒՄ է տվել: Ինչ բովանդակության խոստում է իրականում եղել, ես չգիտեմ, բայց թե ՀՀ քննչական կոմիտեն, թե դատախազությունը, ըստ երևույթին, դեֆորմացված կարգով են ըմբռնել այդ խոստումը (ցավ պատճառել Հարություն Գրիգորյանի ընտանիքի բոլոր անդամներին) և սույն գործով իրենց առաքելությունը սկսել են տեսնել միայն տուժող կողմին սիրաշահելու ու սպասարկելու մեջ: Ցանկացած այլ գործով, ապացույցների նման պայմաններում Զավեն Գրիգորյանն արդեն ազատության մեջ կլիներ, իսկ սուտ մատնություն կատարողները՝ ձերբակալված: Մինչդեռ սույն գործով նույնիսկ սեփական ՄՈՐ հետ Զավենի տեսակցությունն է սահմանափակված (տուժող կողմը դեռ բողոքում է իրավապահների կողմնապահությունից):
Ծափերն օրենքից վեր դասող իրավապահների նման վարքագծի հարցում, իհարկե, մեղավոր էր նաև հանրությունը, որը մակերեսային տպավորության ազդեցության տակ, չտիրապետելով դեպքի դետալներին, չճանաչելով մարդկանց ու տվյալ իրականությունը, սկսեց էկրանից այն կողմ հայհոյել ու քարկոծել «սպայի վրա ձեռք բարձրացնողներին»: Ցանկացած թեթև հրապարակում հալած յուղի տեղ ընդունվում էր հանրության կողմից որպես ճշմարտություն: Հանրությունը սիրում է ունենալ բացասական հերոսներ և «հրել ընկնողներին»:
Իսկ հանրության սխալ կարծիքի ձևավորման հարցում մեղավոր են եղել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին «չսիրող» լրատվամիջոցները, որոնք այնքան էին տարվել այդ անձնավորության դեպքի վայրում զուտ գտնվել կամ չգտնվելու իրավաբանորեն զրո արժեք ունեցող հանգամանքը շահարկելու ու վերջինիս քաղաքական վնաս պատճառելու մոլուցքով (ի դեպ Տրդատ Սարգսյանի իրավաբանական, առավել ևս քաղաքական ճակատագիրն ինձ երբեք չի հետաքրքրել), որ չէին նկատել, թե ինչպես են խաղում քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող, առանձնապես ճանաչում չվայելող, համեմատաբար անպաշտպան ու հասարակ մի տղայի ազատության, ճակատագրի ու բարի համբավի հետ:
Մի կողմ դրեք քաղաքականությունը, խոսքը մարդու իրավունքների մասին է:
Փառք Աստծո, այսօր արդեն հանրային ըմբռման պատկերը դրական տեղաշարժ ունի:
Ինչ վերաբերում է Արա Մխիթարյանի հարազատների մի մասին, ապա մենք օր օրի համոզվում ենք, որ նրանց համար ոչ թե կարևոր է սույն գործով ճշմարտությունը բացահայտելը, այլ՝ Հարություն Գրիգորյանի ընտանիքի անդամներին հնարավորինս ցավ պատճառելը: Նրանք շարունակում են հավատալ տուժողի՝ արդեն բազմաթիվ ստերի հարցում մերկացած «ընկերոջը»: Կամ էլ նրանց համար, կարևոր չէ, թե Հարութի եղբայրը մեղավոր է, թե ոչ: Չեմ մեղադրում իրենց:
Նրանց վիճակը, իրոք, շատ դժվար է պատկերացնել: Մեղադրում եմ իրավապահներին:
Զավենը մինչ օրս իմ ճանաչած ամենաբարի ու ազնիվ մարդկանցից մեկն է: Այդ տղան, ով դեպքի վայր ժամանելով, միայն փորձել է օգնել տուժողին արագ հիվանդանոց տեղափոխման հարցում, խորապես ցավում է սպայի առողջական վիճակի համար, իսկ իր 4 ամիս անազատության մեջ գտնվելու հանգամանքին փորձում է հումորով վերաբերվել: Համբերատար են նաև նրա ընտանիքի գերպարկեշտ ու զուսպ անդամները: Նրանք անչափ հավատում են, այսպես կոչված, Նոր Հայաստանի արդարադատությանը:
Սակայն սա արդեն ծիծաղելի չի կարող համարվել Զավենի փաստաբանի համար:
Ու եթե իրավապահները պետք է շարժվեն միայն հանրային թելադրանքով, ապա ես, սպառված համարելով նրանց սույն գործով որևէ բան ապացուցելու անհրաժեշտությունն ու իմաստը, կփորձեմ պաշտպանյալիս օգնել արդեն հանրությանը ապացույցներ ներկայացնելով:
Եւ այսպես.
Ժամկետ դնելու մասով կրկնօրինակելով վերջին օրերին լայն արձագանք ստացած հանրահայտ հնարքը՝ պաշտոնապես հայտարարում եմ՝
1. Մոտ օրերս ՀՀ փաստաբանների պալատ նախապես դիմում եմ ներկայացնելու ԻՄ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին՝ կապված 2-րդ կետով կատարվելիք գործողություններիս հետ,
2. Տալիս եմ 30 օր ժամանակ ՀՀ իրավապահ համակարգին. կա՛մ լրջանալ ու սկսել հերթով վերացնել Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները, կա՛մ ավարտել նախաքննությունը ու գործն ուղարկել դատարան: Հակառակ պարագայում, գործելով ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, սկսելու եմ սույն գործով հրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Առաջին հերթին հնարավոր է ստիպված հրապարակեմ Արա Մխիթարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը երբեք չենք ցանկացել հրապարակայնորեն շահարկել: Կարծում եմ, որ դա նույնպես բավականաչափ կփոխի հանրային վերաբերմունքը սույն գործի նկատմամբ:
Առողջություն Արա Մխիթարյանին,
Ազատություն Զավենին»,-նշել է նա։