Նախատեսվում է կարգավորել հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության անցնելու կարգը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Նախատեսվում է կարգավորել հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ կկազմակերպի և կիրականացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման, բացահայտման, կանխման և խափանման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կիրականացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն,կկազմակերպի և կիրականացնի  քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությունը:

Հակակոռուպցիոնկոմիտեի նախագահը՝ կսահմանի կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն գործերի բացահայտման և քննության պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը, կկատարի աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև, կհաստատի հակակոռուպցիոն  կոմիտեի կանոնադրությունը, իրավասու կլինի համապատասխան ստորաբաժանման միջոցով  պարբերաբար իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների   առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ նրա հանձնարարությամբ նրան կփոխարինի տեղակալներից մեկը, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը՝ կհամակարգի հակակոռուպցիոն  կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները, իր իրավասության սահմաններում կընդունի ներքին և անհատական իրավական ակտեր, միջնորդություններ կներկայացնի հակակոռուպցիոն  կոմիտեի ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոնները կդասակարգվեն հետևյալ խմբերի.

  • բարձրագույն պաշտոններ.
  • գլխավոր պաշտոններ.
  • առաջատար պաշտոններ.
  • կրտսեր պաշտոններ:

Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության կարող է անցնել ՀՀ մշտապես բնակվող միայն ՀՀ այն քաղաքացին, որը`

1) ՀՀ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով,

2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ պահեստազորի սպա է.

3) տիրապետում է հայերենին.

Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն անձը՝

1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում.

6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք  կհամարվի 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կկարողանա  մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը կհամարվ 65 տարեկանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն  մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը, որի տարր է կազմելու նաև Կոմիտեն,  կնպաստի կոռուպցիայի, որպես հասարարակական արատավոր երևույթի հաղթահարմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել