Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա»-ի մոտ կրակոցներ են հնչել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը վերջինիս հետ բանակցություններ է վարել։ Նշվում է, որ բանակցությունների արդյունքում զինված անձը զենքը հանձնել է։
Տուժածների կամ պատանդների մասին տեղեկություն այս պահին չկան։
ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ չի կարող ասել՝ զինված անձը, որը գտնվել է «Էրեբունի պլազա»-ում, իրենց հետ որևէ կապ ունի, թե՝ ոչ։
Նա նշեց, որ աշխատակիցները գրասենյակում չեն եղել, քանի որ ճաշի ժամ է եղել։ Վերադառնալուց հետո էլ չեն կարողացել մտնել գրասենյակ, քանի որ ոստիկանները շրջափակել էին շենքը։
Սողոմոնյանը նշեց, որ չի կարող ասել, թե այս միջադեպքը որքանով էր կապված կամ առնչվում Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել: Եթե մեզ ինչ-որ կերպ առնչվում է՝ հայտարարություն կտարածենք: «Էրեբունի պլազայում» գործում են բազմաթիվ հիմնարկներ: Դրանցից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն է: Քանի չունեմ պաշտոնական տեսակետ՝ չեմ ուզում մեկնաբանել: Երբ կլինի իրադարձությունների նկարագիր ու կկարողանամ պարզել՝ որքանով է այս իրադարձությունն առնչվում մեզ հետ, հայտարարություն կանեմ: Նորից եմ կրկնում՝ այս շենքում բազմաթիվ գրասենյակներ են գտնվում: Ես Քոչարյանի գրասենյակի ղեկավարն եմ, ասեկոսեները չեմ մեկնաբանում»,- նշել է Սողոմոնյանը:
Այս պահին իրավիճակը հանգիստ է, շենքը դեռ փակ է այցելուների համար, դրա դիմաց հերթապահում են ոստիկաններ։
Մանրամասները՝ տեսանյութում
ՈւՂԻՂ