Ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը․ վարչապետ

Այսօր՝ հունվարի 23-ին, հրապարակվել են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանը գրանցել է զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42:

Կառավարության նիստի ժամանակ այս թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Կոռուպցիայի ինդեքս – 2019» Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ: Զեկույցում ներառված է 180 երկիր: ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը՝ նախորդ՝ 105-րդ հորիզոնականի փոխարեն, այսինքն՝ մենք 28 կետով առաջընթաց ենք ապրել: Նշվել է զեկույցում, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում, և, չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ: Ժողովրդավարական զեկույցում նաև արձանագրվել է, որ չնայած մեծ առաջընթացին՝ Հայաստանը շարունակում է համար վել, այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր: Ըստ էության, սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ, և այդ բարեփոխումների ճակատագրից է կախված մեծապես, թե մենք երկու ոլորտներում էլ, այսինքն, այսպես ասած, միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարենք և կհայտնվենք ամենաառաջատար երկրների ցանկում: Այնպես որ, 2020 թվականին մենք պետք է կենտրոնանանք հակակոռուպցիոն ոլորտում, որն ուղղակիորեն կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ, որպեսզի վերջնականապես ճեղքենք այն շղթան, այն սահմանը, որը մեզ պահում է, այսպես ասած, միջին երկրների շարքում: Սա, իհարկե, մեզ որևէ կերպ չի բավարարում»,-նշեց վարչապետը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ  Հայաստանի մինչ այս ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37, այսինքն՝ 42 Հայաստանը երբեք միավոր չի ունեցել, և Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով մենք նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու: «Այն ժամանակ բավական կասկածներ էին հնչում՝ արդյոք մենք նման նպատակ կարո՞ղ ենք մեր առջև դնել: Այս զեկույցի հրապարակումը ցույց է տալիս, որ ավելի քան իրատեսական է: Դուք նշեցիք նաև, որ թափանցիկության և հանրային հաշվետվողականության ոլորտում անելիք ունենք, և այս առումով ուզում եմ նշել, որ կառավարության մի շարք նախաձեռնություններ որոշ ուժերի կողմից անընդհատ շահարկվում են, և ներկայացվում է, որ մեր հերթական՝ թափանցիկություն ապահովող նախաձեռնությունը, օրինակ, կարող է ազդել օտարերկրյա ներդրումների վրա, կայունության վրա: Մինչդեռ հենց նման ցուցանիշներն են և կոռուպցիայի ընկալման ինդեքսն են, որ գալիս են ապացուցելու, որ մեր գործողություններն այդ ոլորտներում միայնումիայն նպաստելու են կայունությանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել