Նիկոլ Փաշինյանը՝ ծննդատների խնդրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մի քանի հրատապ հարցերի, այդ թվում՝ մարզային համայնքներում մի շարք ծննդատների փակմանը։

«Երեկ Ազգային ժողովում Մարալիկի ծննդատան հետ կապված խնդրին անդրադարձա, և երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ լուրերի թողարկումով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից: Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը: Պատմում է, որ Աչաջուր գյուղում հարցազրույց է անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ Ոսկեպար գյուղից ծննդկանը եկել է Աչաջուր գյուղում ծննդաբերելու, որն, ըստ չափանիշների, հիմա գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար առկա չափանիշներին:

Ես այսօր առավոտյան եկա և ճշգրտեցի, այսինքն՝ հիշողությամբ գիտեի, բայց ինձ ճշգրիտ թվերն էին պետք. ուրեմն, Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հեռավորության վրա, և Նոյեմբերյան քաղաքում կա ծննդատուն, ինչքան ինձ հավաստիացրել են Առողջապահության նախարարությունից՝ շատ լավ վիճակում՝ նորոգված, տեխնիկապես լիարժեք հագեցված:

Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքը և նրա ծննդատունը ավելի մոտ են Ոսկեպարին, քան Աչաջուրին: Էլ չեմ ասում, որ Աչաջուր գյուղը Ոսկեպարից հեռու է 25.7 կմ, Իջևանից հեռու է՝ 34.3 կմ: Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել և չգնալ ավելի մոտ գտնվող ծննդատուն:

Սա ինչի՞ համար եմ ասում. սա ասում եմ ցույց տալու համար, թե երբեմն հարցերն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում:

Եվ, իհարկե, երեկ խոսեցինք Մարալիկի հետ կապված, այսինքն՝ եթե Ոսկեպարից կարող է ծննդկան ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում՝ շնորհիվ այն բանի, որ հիմա Նոյեմբերյան-Իջևան ճանապարհը գտնվում է փայլուն վիճակում, և Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհն էլ է գտնվում փայլուն վիճակում, ի տարբերություն 2018 թվականի: Այսինքն՝ տվյալ դեպքում այս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել