Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարություն է արել Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ։
«Հակակոռուպցիոն պայքարի ևս մեկ դրական արդյունք.
Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42:
Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը:
2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:
Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55»,-նշել է նա: