Կոտրված ապակին Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի 8-ին, իսկ դրանց արանքում գնդակը՝ ամսի 21-ին․ Գոռ Աբրահամյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս մասին մանրամասներ է ներկայացրել․

«Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար հարկ եմ համարում նշել, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտանաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավելևս որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին:

Չնայած այս հանգամանքին, ինչպես նաև նրան, որ քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելեւ, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել