Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը առաջարկում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ այսուհետ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն կլինեն`
ա) Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
գ) պետական կառավարման հանրապետական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները.
դ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.
ե) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը կներկայացվի անկախ սեփականության ձևից պետական պահպանության կամ սուբսիդավորման վերցված անշարժ հուշարձանների ցուցակը, պահպանության գոտիների ցանկը, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը:
ՀՀ Ազգային Ժողովի հաստատման համար ՀՀ կառավարություն կներկայացվի հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը:
Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կկատարի ՀՀ Ազգային Ժողովը կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, փոփոխումը կկատարվեն միայն բացառիկ դեպքերում` Ազգային Ժողովի կողմից հաստատված կառավարության կողմից սահմանված կարգով կատարված փորձագիտական եզրակացության հիման վրա: Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նա դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կկազմակերպի հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները: