Ահազանգեր ենք ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում․ Զարուհի Բաթոյան

Հարգելի՛ քաղաքացիներ, ահազանգեր ենք ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում, այսպես ասած՝ խրախուսում են չդիմել, բանավոր պատասխանելով՝ «չի հասնում»։ Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր։ Դիմումի մերժումը կամ հաստատումը ևս ձեզ պետք է ներկայացվի գրավոր։ Սա օրենքի պահանջ է, որևէ այլ տեսակի պատասխան դրանից շեղում է, ուստի խախտումներ արձանագրելու դեպքում խնդրում եմ գրեք իմ կամ նախարարության ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել թեժ գիծ՝ 114։

Ուզում եմ հիշեցնել սակայն, որ դիմումի առկայությունը չի նշանակում այս կամ այն ծրագրից օգտվելու իրավունք, դա պայման է, պետական աջակցության համար ձեր իրավունքը ճշտելու համար։

Ուստի, եթե նույնիսկ կասկածում եք, որևէ ծառայություն ձեզ համար նախատեսված է, թե ոչ, ապա դրա համար դիմում ներկայացրեք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, եթե Ձեր բնակության վայրում դեռևս առկա չէ համալիր կենտրոն, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններ տրամադրող (զբաղվածության, սոցիալական ապահովության կամ բժշկասոցիալական փորձաքննության) կամ սոցիալական աջակցության տարածքային մարմիններին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել