Նախատեսվում է ազգությամբ հայերի` քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետի փոփոխություն

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարել:

Նախագծի համաձայն հիմա քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում: Նախատեսվում է, որ ազգությամբ հայերի` քաղաքացիության ձեռքբերման վերաբերյալ դիմումները կքննարկվեն երեքամսյա ժամկետում: Դիմումի մերժման դեպքում կրկին կարելի է դիմել՝ մերժման օրից մեկ տարի հետո:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումը թույլ կտա որոշակիորեն խրախուսել մեր հայրենակիցների ներգաղթը ՀՀ, որն էլ, իր հերթին, երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի ժողովրդագրական պատկերի բարելավմանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 9-րդ կետի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ներկայումս  ձեռք է բերվում`

1) քաղաքացիության ճանաչմամբ.

2) ծննդով.

3) քաղաքացիություն ստանալու միջոցով.

4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով.

5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով.

6) ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով.

ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել