Գերմանիայի դեսպանատունը ներկայացնում է վիզայի տրամադրման մերժման դեպքում բողոքարկման գործընթացը։
«Ձեր կարծիքով Ձեր դիմումն անհիմն մերժվել է:
Այստեղ Դուք կգտնեք բացատրություններ Ձեր ստացած մերժման վերաբերյալ, որոնք Ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ի՞նչը կարող է հանդիսանալ մերժման պատճառ: Եթե պատճառները դիտարկելուց հետո դարձյալ համաձայն չեք լինի դեսպանության որոշման հետ, ապա կարող եք Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը բողոքարկել մերժումը և խնդրել, որ գործը քննվի նորովի:
Գերմանիա մեկնելու դեպքում Շենգենյան վիզայի համար բողոքարկել կարող եք մերժման գրությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Օրինակ` 10.05.2013թ.-ին Դուք հետ եք ստանում Ձեր` առանց վիզայի պիտակի անձնագիրը` մերժման որոշմամբ, որը ներառում է հետագա Ձեր իրավունքների մասին ծանուցում: Որոշման վրա դրված է հանձնման օրվա կնիքը (օր.` 10.05.2013թ.): Բողոքարկման ժամկետը սկսվում է 11.05.2013թ.-ից: Ձեր դիմում-բողոքը պետք է ամենաուշը 10.06.2013թ.-ին ներկայացնեք դեսպանություն, այլապես բողոքարկման ժամկետը կանցնի և այն այլևս չի ընդունվի:
Դիմում-բողոքը պետք է լինի գրավոր, գերմաներեն կամ անգլերեն: Այն և նրան առնչվող փաստաթղթերը ուղարկեք ստորև նշված հասցեով կամ գցեք անմիջապես դեսպանության մոտ տեղադրված փոստարկղը:
Դեսպանության հասցեն`
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Երևան 0025, Չարենցի փ. 29
Դիմում-բողոքը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
Ձեր անունը, ազգանունը, ծննդյան տվյալները, ծննդավայրը, անձնագրի համարը, հեռախոսահամարը
մերժման որոշման ամսաթիվը
հասցեն (փողոց, շենք, բնակարան, քաղաք/գյուղ/մարզ)
Ձեր ստորագրությունը: Եթե բողոքարկողը Դուք չեք, ապա Ձեր ստորագրությամբ լիազորագիր
մանրամասն հիմնավորում այն մասին, թե Ձեր կարծիքով մերժումն ինչու՞ է անարդար
մանրամասն բացատրություն Գերմանիա մեկնելու Ձեր նպատակի և այցի կարևորության մասին
Ձեր նշած փաստարկները հավաստող հավելյալ փաստաթղթեր, որոնք գործերը հանձնելիս չեք ներկայացրել:
Ուշադրություն.
Չեն ընդունվում և քննվում այն դիմում-բողոքները, որոնք ստորագրված չեն անձամբ դիմողի կողից կամ չկա դիմողի կողմից անձամբ ստորագրված լիազորագիր: Այդ պատճառով էլ. փոստով ուղարկված անստորագիր դիմում-բողոքները անվավեր են:
Խնդրում ենք դիմում-բողոքների հետ չներկայացնել անձնագրեր:
Վերանայումից հետո, որը կարող է բավականին երկար տևել, դեսպանությունը կապ կհաստատի Ձեզ հետ կամ Դուք վիզաների բաժնից կստանաք գրավոր պատասխան:
Կարիք չկա ներկայացնել գրագրական ծառայությունների կամ շահույթ հետապնդող ընկերությունների կողմից գրված դիմում-բողոքներ»,-նշված է հայտարարության մեջ: