Հայերի հանդեպ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումն Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի:
Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապացությամբ այդ մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը: Ուղերձում նշվում է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը։
«Հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով ի հայտ եկած բացասական երևույթներն արամատախիլ անելու գործընթացում կարևոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար։ Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլև հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
ԱԳՆ-ն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, «ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը»։