2020թ. հունվարի 1-ից Գերմանիայի դեսպանությունը Ավստրիայի համար վիզայի դիմումներ չի ընդունում: Այս մասին հայտնում են դեսպանատնից։
«Ավստրիան դիմումների ընդունումը պատվիրակել է Երևանում գործող VFS – Visa Service Center ընկերությանը: Պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք կապ հաստատել այդ ընկերության հետ.
VFS – Visa Service Center
Նալբանդյան 48/1, 0010 Երևան
Աշխատանքային ժամերը՝ 9.00 – 16.00
Հեռ.՝ (+374) (0) 60 74 05 07
Էլ. փոստ՝ [email protected]
2020թ. հունվարի 1-ից սկսած Գերմանիայի դեսպանությունն այլևս չի ընդունի այն դիմումները, որոնցում որպես ճամփորդության հիմնական ուղղություն նշված կլինի Ավստրիան:
Եթե արդեն հերթագրվել եք 2020թ. հունվարի 1-ից հետո որևէ օր և Ձեր հիմնական ճամփորդական ուղղությունը Ավստրիան է, ապա վարվեք հետևյալ կերպ.
Չեղարկեք Ձեր հերթագրումը՝ օգտվելով հերթագրումը հաստատող էլ. նամակում առկա չեղարկման հղումից և հերթագրվեք VSF ընկերության համակարգում:
Հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել նաև սույն հղումից. www.bmeia.gv.at/moskau
Ավստրիան ճամփորդական հիմնական ուղղություն է, եթե Դուք մեկնում եք միայն Ավստրիա կամ եթե Ավստրիայում եք գտնվելու Ձեր ճամփորդության հիմնական ժամանակահատվածում և Ձեր ճամփորդության գլխավոր նպատակով:
Օրինակ՝ գործնական եռօրյա ճամփորդություն դեպի Ավստրիա՝ հաջորդիվ վեցօրյա տուրիստական այց Մյունխեն: Ենթադրվում է, որ Դուք Մյունխեն չէիք մեկնի, եթե գործնական այցով չմեկնեիք Ավստրիա, հետևաբար Ավստրիան համարվում է ճամփորդության հիմնական ուղղություն:
Կամ օրինակ՝ յոթօրյա տուրիստական ճամփորդություն Ավստրիա՝ հաջորդիվ հնգօրյա տուրիստական կացություն Շտուտգարտում: Այստեղ էլ Ավստրիան հիմնական ուղղություն է, քանի որ ճամփորդության նպատակը նույնն է, և որոշիչ է դառնում ճամփորդության տևողությունը»,-նշված է հայտարարության մեջ: