Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ վրացի պատգամավորին

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, չի համապատասխանում իրականությանը։

Մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։

Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։

Իրականում, սակայն, նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունը, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

Խազարաձեն մասնավորապես ասել է. «Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։

Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամի ավելի վաղ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանինը՝ 4289:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել