Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:
Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:
Ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին չպահպանելու, տարրական պահանջները անտեսելու հետևանք է, ինչը փաստում են մասնագետների կողմից իրականացված տեղազննության նախնական արդյունքները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի առաջացման հետ կապված մանրամասները:
— Բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից:
Բնակարանի ներտնային գազասպառման համակարգը նորմատիվային և անվտանգության պահանջների կոպիտ խախտմամբ ինքնակամ ենթարկվել է ամբողջական փոփոխության:
— Ջեռուցման վառարանի համար նախատեսված մուտքային գծի փականը այս տարվա հուլիսից կնքված է եղել գազօգտագործող սարքավորման բացակայության պատճառով: Սակայն, մուտքային գծի կնիքը հեռացվել է, տեղադրվել և շահագործվել է ջեռուցման վառարան առանց մատակարարին տեղյակ պահելու:
— Հյուրասենյակում տեղակայված ջեռուցման վառարանի թիթեղյա ծխատարը փաստացի դուրս բերված չի բնակարանից և չունի ուղղահայաց հատված: Վառարանի ծխատարը մինչև 20 սանտիմետր խորությամբ մտցվել է պատշգամբի պատի մեջ, իսկ պատի արտաքին հատվածում բացվել է ընդամենը երեք փոքր անցք, ինչը չի ապահովել ծխագազերի բնականոն հեռացումը:
Բացի այդ, խոհանոցում նախագծի խախտմամբ ինքնակամ տեղադրվել է ջրատաքացուցիչ, որը եռաբաշխիչի միջոցով միացվել է գազօջախի մուտքային գծին: Ընդ որում, ջրատաքացուցչի ծխատարը միացվել է խոհանոցի օդափոխության ուղուն, զրկելով տարածքը բնականոն օդափոխությունից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:
1. Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային
սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:
2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ
մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:
Հարգելի բաժանորդներ՝ հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման, իր և իր հարևանների առողջությունը և կյանքը չվտանգելու պատասխանատվությունը կրում է բաժանորդը: