Հնարավորություն կընձեռվի ամբողջական  կիրառել ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է գործողության մեջ դնել ոչ սակագնային կարգավորման բնագավառում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝

1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշումը,

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումը:

Որոշման 1-ին կետը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կտարածվի 2015 թվականի մայիսի 22-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա, իսկ սորոշման 2-րդ կետը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կտարածվի 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել  ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել