Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։
Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներին աշխատանքի անցնելու դեպքում վեց ամիս շարունակ ստանալ նպաստ: Այս փոփոխությամբ, ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամի հետ Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանք պետք է տանի: Աշխատանքի անցնելու դեպքում ևս վեց ամիս նպաստ կտրամադրվի, սակայն այն պարագայում, երբ անձը կհրաժարվի երկու աշխատանքի առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի»,- պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարի տեղեկացմամբ, փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից: