Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը կարող է հետաձգվել երկշաբաթյա ժամկետով:Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում կարող է նշանակվել նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվել նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:
Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել միայն համապատասխան թեկնածուի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հանգում ենք այն եզրակացության, որ նախագահի թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունները կարող են հետաձգվել, եթե նշված թեկնածուն լինի գիտակից վիճակում, կարողանա արտահայտել իր կամքը, ավելին՝ հնարավորություն ունենա դիմում ուղղել Սահմանադրական դատարան:
Իսկ ի՞նչ կարգ պետք է գործի այն դեպքերում, երբ թեկնածուներից մեկը իրենից անկախ պատճառներով չկարողանա արտահայտել իր կամքը կամ դիմում ներկայացնել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու մասին:
Այս հարցը, ցավոք, կարգավորված չէ մեր օրենսդրությամբ, ինչը, սակայն, վերջին իրադարձություններից հետո մտածելու տեղիք է տալիս:
Աստված մի արասցե, որ նախագահի թեկնածուներից մեկը գտնվի անգիտակից վիճակում և չկարողանա արտահայտել իր կամքը, սակայն որևէ մեկս ապահովագրված չենք այս աշխարհում, ուստի սա նույնպես պետք է հստակ կարգավորվի օրենքով:
Մասնավորապես, առաջարկում ենք օրենքով սահմանել, թե ով է իրավասու նման դեպքերում նախագահի թեկնածուի անունից դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան, իսկ ավելի ճիշտ կլինի, որ այդ նորմը ոչ թե իրավունք վերապահի, այլ պարտավորություն սահմանի որևէ պաշտոնատար անձի կամ մարմնի համար՝ նշված թեկնածուի անունից դիմում ներկայացնելու համար:
Գոհար Կոստանյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net