Վարչական գործը կքննվի պարզեցված վարույթի կարգով, եթե վարչական ակտով գանձման ենթակա գումարը չի գերազանցում 200 հազարը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Նախատեսվում է, որ վարչական դատարանը վարչական գործը կքննի պարզեցված վարույթի կարգով, եթե վիճարկվող վարչական ակտով գանձման ենթակա գումարը չի գերազանցում 200 հազարը:

Վարչական դատարանը պարզեցված վարույթի կարգով կքննի նաև այլ գործեր հետևյալ դեպքերում՝

1) առկա է դատավարության բոլոր մասնակիցների միջնորդությունը` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին,

2) դատավարության բոլոր մասնակիցների կողմից ներկայացվել է գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին միջնորդություն,

3) մինչև դատաքննություն նշանակելը դատավարության որևէ մասնակից չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց,

4) հայցի առարկայի փոփոխության արդյունքում վիճարկվող վարչական ակտերով գանձման ենթակա գումարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:

Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը կքննի պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:

Գործը չի քննվի պարզեցված վարույթի կարգով, եթե՝

1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց,

3)  դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը,

4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն,

5) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:

Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով կիրականացվի առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է դատավարության մասնակիցներից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ,

2) հայցվորը հրաժարվել է պահանջից,

3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:

Դատավարության մասնակիցների միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը և նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել