Գործարար Խաչատուր Սուքիասյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերին իմ դեմ սկսված մեդիա հարձակումների եզրափակիչ արարը տեղի ունեցավ երեկ երեկոյան, երբ բոլորիդ հայտնի անձը լրատվական տաղավարում փորձում էր հանրությանը մոլորեցնել և զբաղված էր էժանագին ստեր տարածելով:
Լսելով ընկերներիս և մտերիմներիս հորդորները, հիմա կետ առ կետ կպատասխանեմ բոլոր վայրահաչոցներին:
Անձը, ով երեկ երեկոյան հոխորտում էր, հայտնի է իր բազմաթիվ կեղծ մատնություններով, տեսակով զրպարտիչ է, խոսք տանող-բերող: Ամբողջ կյանքում զբաղվել է միայն այդ գործով: Նա ինչ-որ աստիճանի հասնելու համար միշտ «քցել է», ինչպես նաև քծնել է ժամանակի գլխավորին: Այդ անձի տեսակին ծանոթ են նրա հետ քիչ թե շատ առնչություն ունեցողները:
Այդ անձին զգուշացնում, մյուսներին բարեկամական խորհուրդ եմ տալիս, ընտանեկան թեմաների մեջ չխառնվել: Ամեն մեկը թող զաբղվի իր ընտանիքով: Կնոջը հարիր բամբասանքներին պատասխանել չեմ ցանկանում, դա իմ գործը չէ: Իր խոսքերը 50 անգամ ավել վերադարձնում եմ իրեն, սակայն մնում եմ զուսպ: Բոլորն են ճանաչում թե՛ ինձ, թե՛ իրեն: Քաղաքացիներն էլ լավ գիտեն, ով եմ ես, իսկ ով է նա:
Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբաների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից:
Մի կարևոր թեմա էլ կա: Շարունակում եմ պնդել՝ Սերժ Սարգսյանը երբեք լավ ընկեր չի եղել: Բացեմ փակագծերը: Լավ ընկեր ասելով ես նկատի չեմ ունեցել ինձ, նա երբեք իմ ընկերը չի եղել: Լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել չալաղաջի ու քյաբաբի սեղանակիցներ, լավ ընկեր ասելով նկատի չեմ ունեցել կենցաղային մանրուքները:
Սերժ Սարգսյանը լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում, զբաղվել են պետականաշինությամբ: Սերժ Սարգսյանն իր պաշտոններին հասել է հենց այդ ընկերների շնորհիվ՝ 90 -ականներից, որոնց հետո մոռացավ։
Սիրելի ընկերներ, բարեկամներ և հայրենակիցներ, խնդրում եմ բոլորիդ, անտեսեք բոլոր հերյուրանքներն ու զազրախոսությունները: Ես չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա»։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշախակիցների հետ խուզարկություն են անցկացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը։
Ավելի ուշ Հայրապետյանը հարցազրույց է տվել «168 ժամ» լրատվականին և «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հնչած հարցին, թե Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Սերժ Սարգսյանը վատ ընկեր է, նա ի՞նչ կասի, ինչպիսի ընկեր է երրորդ նախագահը, նա պատասխանեց. «Մարդկանց թվում է, թե բոլորի հիշողությունը կարճ է, ինչպես կարճատեսի տեսողությունը: Ամեն ինչ մարդիկ հիշում ու տեսնում են: Ինքը չի հասկանում՝ ընկեր հասկացությունն ինչ է, ես ուզում եմ իմանալ, Երևան քաղաքում իր ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց նրան վատ ընկեր լինելու մեջ մեղադրելը ծիծաղելի է: Ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել կամ համարվում եմ Սերժ Սարգսյանի ընկերը»: