Անվանի թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշման կայացումից հետո այդ լուրով կիսվել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ եթե անգամ Թրամփը չօգտագործի ցեղասպանություն բառը, կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հրապարակմանը կից Աքչամը հետևյալ գրառումն է կատարել․«ԱՄՆ Կոնգրեսից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է։ Ոչ միայն հայերի համար, ողջ Թուրքիայի մարդկության համար էլ սա կարող է շրջադարձային կետ լինել», հայտնում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ որոշ տեղեր գրում են, թե որոշումը դեռ պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ, բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։
«ԱՄՆ կառավարության երեք կարևոր սյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե անգամ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, մեկ է, իրավական տեսանկյունից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։ Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»,-ասվում է Աքչամի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն:
Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: