«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը և իր կողմից ֆինանսավորած ՀԿ-ները արձագանքել են ԱԱԾ-ին

Թվով 6 կազմակերպություն հայտարարությամբ են հանդես եկել «ԱԱԾ պարապության եւ բարեփոխման անհրաժեշտության մասին»՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության այն հրապարակմանը, որում նշվում էր՝ «Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները»։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 10-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ ԱԱԾ-ի հասցեին արված քննադատությունը որակել է որպես վիրավորանք, զրպարտություն, մոլորեցնող, ապատեղեկացնող, սուտ, «անպատեհ ցասումի պոռթկմամբ» ինքնահաստատման փորձ եւ կոչեր է արել «…արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարեւորագույն կառույց վարկաբեկելով, եւ, անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»։
Մի կողմ թողնելով հանրային մարմնի կողմից նման ձևակերպումներով հայտարարություն տարածելու էթիկական կողմը և ԱԱԾ-ի կողմից այդպիսի որակումներ տալու իրավաչափության քննարկումը, դիմելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջում ենք.
Հանձնարարել ենթակա իրավապահ մարմիններին մանրակրկիտ զբաղվել Հայաստանի ազգային անվտանգությունը վտանգած հետևյալ երևույթներով.
1. Բացահայտել 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականների նախագահական, խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեների ընթացքում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքները կազմակերպողներին եւ իրականացնողներին:
2. Բացահայտել 2004 թ. ապրիլի 12/13-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների շուրջկալի եւ զանգվածային ծեծի կազմակերպիչներին եւ իրականացնողներին:
3. Ամբողջությամբ բացահայտել 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում խաղաղ ցուցարարների դեմ զանգվածային ծեծի, խոշտանգումների, գնդակահարությունների, անօրինական հետապնդումների, ազատազրկումների կազմակերպիչներին եւ իրականացնողներին:
4. Ուսումնասիրել 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների և կազմակերպիչների հետ կապված՝ օդում կախված լուրերը, այդ թվում՝ դրանց ԱԱԾ մասնակցության ու անգործության մասով:
5. Ստուգել, թե ինչ մեխանիզմով եւ ովքեր են իրականացրել Հայաստանից 2004-2013 թթ. ավելի քան 10 մլրդ դոլարի ապօրինի տարհանումը:
6. Ուսումնասիրել 1991 թվականից ի վեր Հայաստանի հանքային հարստությունները չնչին գներով հայաստանյան եւ անդրսահմանային կորպորացիաներին օտարելու մեխանիզմները, մեղավորներին եւ պարզել երկրին հասցված նյութական վնասի չափը:
7. Բացահայտել ԱԱԾ ծառայողների կողմից քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման դեպքերը: Մասնավորապես՝ երբ դրանք կատարվել են ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչների վրա ապօրինի ներգործության նպատակով:
8. Ուսումնասիրել ԱԱԾ բազմաթիվ պաշտոնատար անձանց անհասկանալի և կասկածահարույց կերպով հարստանալու օրինականությունը:
9. Բացահայտել նախկինում այս դեպքերի քննությանը խոչընդոտողներին: Այդ թվում՝ այն անձանց, որոնք ԱԱԾ-ին խոչընդոտել են իրականացնել քննությունը:
Պահանջում ենք պարբերաբար հանրամատչելի կերպով իրազեկել հանրությանը վերոհիշյալ հանցագործությունների բացահայտման աշխատանքների մասին:
Այս եւ այլ պահանջներ հանրությունը ունեցել է տարիներ շարունակ, սակայն ԱԱԾ-ն դրսեւորել է բացարձակ անգործություն: Հիմա ճիշտ ժամանակն է բացահայտելու այս հանցագործությունները, այդ թվում՝ ԱԱԾ-ի ուժերով, որպես ազգային անվտանգությունն իսկապես ապահովող ծառայություն: Առանց այս ուղղությամբ իրական, ողջամիտ եւ շոշափելի ջանքերի, ԱԱԾ հայտարարությունները համարում ենք աչքակապություն, մերկապարանոց, զվարճալի եւ քաղաքական զեղծարարություն:
ԱԱԾ ղեկավար աշխատակազմին, ՀՀ կառավարությանը կոչ ենք անում հրատապ ջանքեր ներդնել ԱԱԾ արմատական բարեփոխման, աշխատակիցների քննազտման քաղաքականության մշակման եւ ներդրման ուղղությամբ՝ այն հաշվով, որ այդ համակարգը դառնա անհրաժեշտ եւ բավարար չափով բաց, հաշվետու հանրությանը եւ կարողանա այդուհետ սպասարկել միայն ազգային անվտանգության հետ կապված ողջամիտ շահերը եւ ոչ թե զբաղվի իրեն տհաճ քննադատություններին պատասխան տեքստեր գրելով:
ՀՀ կառավարությունից պահանջում ենք անհապաղ անդրադառնալ իրավունքի եւ օրենքի կոպիտ խախտման մասին ԱԱԾ ինքնախոստովանությանը, մասնավորաբար՝ հրատապ արձանագրել ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կատարված մարդու իրավունքների կոպտագույն եւ զանգվածային խախտման փաստը եւ դրա հիման վրա սկսել թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ հետաքննումն անցումային արդարադատության մեխանիզմ կիրառելով:
ՀՀ Ազգային ժողովին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերին կոչ ենք անում չանտեսել եւ չհետաձգել ԱԱԾ համակարգի արմատական մաքրման եւ բարեփոխման հրամայականը, հակառակ դեպքում մեծ է ռիսկը, որ այս համակարգը մնալու է հանրությունից փակ, հանրության կասկածները մնալու են չփարատած, որ ԱԱԾ-ն եղել է պետության զավթման տեւական շրջանի սպասարկու համակարգ, որը երբեւէ կարող է օգտագործվել ըստ պատեհության եւ կարիքի՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ ազատ քաղաքացիների:
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել