Դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի համաձայնություն տալ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքի ավագանու որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 24.10.2019թ. համար 01/1/24289-19 գրությունը, որով առաջարկվում է տեղադրել քանդակը:
Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում: