ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք: Մեղադրանք է առաջադրվել Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին Արմավիր քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ., ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով որպես Սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող երեք բնակարան, որտեղ օգտվելով տանտերերի անուշադրությունից՝ հափշտակել է տարբեր չափերի գումարներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ) : Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: