Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը:
Նախատեսվում է, որ քրեական գործերով իրավական օգնությունը կիրականացվի՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ պետությունների միջև հնարավորինս լայն օգնություն ցուցաբերելու, փոխադարձ հարգանքի, ինչպես նաև համագործակցության կամավորության, փոխադարձության, պատժի անխուսափելիության, սեփական քաղաքացիներին չհանձնելու, փախստականներին իրենց ծագման երկիր չհանձնելու սկզբունքների հիման վրա:
Քրեական գործերով իրավական օգնության մասին հարցումը կներկայացվի այն պետության պաշտոնական լեզվով, որին ուղարկվում է հարցումը, եթե ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով ՀՀ տարածքում քրեական գործերով իրավական օգնության հարցումներն կիրականացվեն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով կկարգավորվեն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում քրեական գործերով իրավական օգնության իրականացման կարգն ու պայմանները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ կարգավորում չստացած հարաբերությունները: