Անձնական խուզարկությունն կիրականացվի նույն սեռի անձի կողմից. փոփոխություններ ՝ կառավարության որոշման մեջ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց ոստիկանության մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների կողմից ուղեկցման և պահպանման կարգը:

Մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների հիմնական խնդիրները կլինեն.

1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցման և պահպանման ապահովումը դատական նիստերի, քննչական կամ այլ դատավարական գործողությունների ընթացքում,

2) ձերբակալված կամ կալանավորված անձանց ժամանակին ուղեկցումը հայտում նշված վայր՝ պահպանելով նրանց համար սահմանված մեկուսացման ռեժիմը,

3) ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից փախուստի, ինքնասպանության, ինքնավնասման, պահակախմբի և ուղեկցողի վրա հարձակման փորձերի կանխարգելում և խափանում:

Մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների կողմից հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց հատուկ տրանսպորտային միջոցներով ուղեկցման անհնարինության դեպքում նրանց ուղեկցումը և պահպանումը  կկազմակերպվի շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկությունը և իրերի զննությունը կկատարվի նրանց մոտ արգելված իրեր, առարկաներ և սննդամթերք հայտնաբերելու, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով:

Անձնական խուզարկությունը պարտադիր կիրականացվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրերից, քրեկատարողական հիմնարկներից մեկ պահակախմբից մեկ այլ պահակախումբ ընդունելիս-հանձնելիս, դատարանի խուց մտնելիս, խցից դուրս բերելիս՝ տվյալ վայրի աշխատակցի հետ համատեղ:

Անձնական խուզարկություն կիրականացվի նաև հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելիս և իջեցնելիս, դատարանի խուց մտցնելիս, խցից հանելիս, եթե ուղեկցողի մոտ կասկած է առաջանում, որ ուղեկցվող անձին կարող են փոխանցված լինել կամ վերջինս թաքցնում է արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք:

Անձնական խուզարկությունն կիրականացվի լրիվությամբ՝ խուզարկվող անձի մերկացմամբ, կամ մասնակի, երբ խուզարկվող անձին առաջարկվում է հանել վերնահագուստը և կոշիկները:

Անձնական խուզարկությունն կիրականացվի լրիվությամբ, եթե ուղեկցողի մոտ հիմքեր կան ենթադրելու, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ կարող է լինել արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք, որոնք հնարավոր չէ հայտնաբերել մասնակի խուզարկության միջոցով: Ուղեկցողի կողմից մանրամասն կզննվեն խուզարկվող անձի հագուստները, կոշիկները, պրոտեզները:

Անձնական խուզարկությունն կիրականացվի նույն սեռի անձի կողմից:

Անձնական խուզարկությունը կկատարվի անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարա-հիգիենիկ նորմերը:

Ուղեկցման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձանց մոտ կթույլատրվի ունենալ՝

1) բժշկի կողմից նշանակված դեղեր՝ համապատասխան չափաբաժնով, ինչպես նաև բժշկական ցուցմամբ անձի կենսունակության ապահովման համար անհրաժեշտ սարքեր և պարագաներ,

2) գրպանի թաշկինակ,

3) ակնոցներ և դրանց պլաստիկե պատյան, կոնտակտային լինզաներ,

4) ձեռքի կամ գրպանի ժամացույց,

5) նոթատետր, գրիչ, մատիտ և փաստաթղթեր,

6) պայուսակ,

7) ձեռնափայտ, անթացուպ, հաշմանդամի նստասայլակ,

8) անձեռոցիկ, կանանց հիգիենայի պարագաներ,

9) ՁՊՎ-ից կամ քրեակատարողական հիմնարկից ստացված սնունդ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել